-Պարոն Աշոտյան, անկեղծ-անկեղծ ասեք` որտե՞ղ կուզեիք լինել, որպես պաշտոնյա, քանզի անվերջ բողոքում եք լրագրողներից, որ մեկ Ձեզ «նշանակում» են դեսպան, մեկ` ԱԱԽ քարտուղար, մեկ…
-Կուզեի պարբերաբար անկեղծանալ, բայց ավելի հոգևոր մարդկանց հետ, քան դուք եք: (Աշոտյանը ծիծաղում է գրեթե հոմերական ծիծաղով` ուղիղ հինգ րոպե- հեղ.):
-Փաստորեն, բացի նրանից, որ ԿԳ նախարար եք, պարզվում է` նաև «վերին դատավորի» ֆունկցիաներ եք սկսել Ձեզ վերագրել` ով է հոգևոր, ով` ոչ, ում հետ անկեղծանալ, ում հետ` ոչ:
-Չէ՜, չէ՛, պարզապես հակված չեմ խոսելու իմ ցանկությունների ու երազանքների մասին, թեպետ ունեմ այդպիսիք:
-Ի դեպ, ԿԳ-ում ի՞նչ «գործիքներով» են որոշում մարդու հոգևոր աստիճանը, գնում, Մաշտոցի արձանի տակ նկարվում են ու «դառնում» են հոգևո՞ր:
-Իհարկե, Մաշտոցը նաև հոգևոր հայր է, բայց կրթության ոլորտի աշխատողներիս համար նա նախ և առաջ գրերի ստեղծողն է:
-Իսկ որ գնացել էիք Ղարաբաղ, Գանձասար, Ամարաս, գնացել էիք, որ ի՞նչ անեիք, հաղորդակցվեիք մեր սրբերի մասունքների հե՞տ, հա՞, բարձրացնեիք Ձեր «ադեպտության չի՞նը»։ Իսկ Դուք գիտե՞ք, որ Ամարասում նույնպես մասունքներ կան Մաշտոցից, Լուսավորչից:
-Այո, այնտեղ Լուսավորչի ծոռան մասունքներն են թաղված: Ի դեպ. ամեն անգամ Արցախ գնալուց հետո ես ահավոր լիցքավորվում եմ` մարդկանցից, բնությունից, պատմամշակութային արժեքներից, մթնոլորտից:
-Ասացիք` հիշեցի. Բոլոնյան համաժողովի ժամանակ Դուք մի տեսակ տրանսֆորմացված էիք, ուրիշ Աշոտյան էիք, էսպես` եվրոպական, «ա՜յլ», մի խոսքով, քչիկ մը ավելի հետաքրքիր. ներսից մե՞ր աչքն եք հանում, դրսից` ուրիշների՞, թե՞ հանդիսատեսն էր այլ, էնդու համար:
-Ես միշտ եմ այդպիսին, պարզապես միջազգային հարթակներում ինձ հաճախ չեք տեսնում, դա է երևի պատճառը, որ զարմացել եք` «քչիկ մը». արտաքին հարցերում ես այդպիսին եմ:
-Հիմա մենք քանի՞ Աշոտյան «ունենք», ներսի ու դրսի՞, «քչիկ մը՞», թե՞ «շատիկ մը»:
-Մեկ Աշոտյան, ում հնարավորությունները դրսում և ներսում, դրսևորման առումով, նույնական են: Մաներան է փոքր-ինչ տարբեր:
-Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Մթնոլորտով:
-Այո՛, մեզ մոտ մթնոլորտը «գաղջ» է, և Դուք այդ «գաղջը» ոչ միայն չեք կարողանում փոխել, այլև ավելացնո՜ւմ եք, պարոն Աշոտյան: Փաստորեն, գաղջը Ձեր էության «բաղկացուցիչներից» է, այո՞:
-Իսկ քիչ առաջ ասում էիք, որ իմ էությունը եվրոպակա՜ն է, այլ։ Կողմնորոշվեք, կողմնորոշվեք, թե չէ լավ բան չի ստացվում:
«Բլիցեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ